Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
13.11.2009 | 00:00

Վրաստանը, որպես ԱՄՆ-ի կողմից ստեղծվող տարածաշրջանային կոմունիկացիոն համակարգի որոշիչ երկիր, միշտ գտնվել է ուշադրության կենտրոնում, և նրա դերը որոշակիացված է եղել խորհրդային պետության փլուզումից անմիջապես հետո։ Այնուհանդերձ, Վրաստանը, իբրև ինքնատիպ պետություն ու հասարակություն, առանձնանում է իր անկայունությամբ, բազմաթիվ ռեգիոնների ցածր կառավարելիությամբ, հստակ սահմանների բացակայությամբ, կառավարող էլիտայի արդյունավետ վարչարարություն իրականացնելու և մարտունակ զինված ուժեր ստեղծելու անընդունակությամբ։ Վրաստանը կարիք ունի ուժեղ արտաքին հովանավորության ու աջակցության, իբրև այդ պետության գոյության նախապայման։
Այս հանգամանքները միանգամայն ձեռնտու են Ռուսաստանի բոլոր աշխարհաքաղաքական հակառակորդներին, որոնք արդեն երկար տարիներ օգտագործում են Վրաստանը որպես «պլացդարմ» Եվրասիա ներխուժելու համար։ Թուրքական ծագումով ամերիկյան փորձագետների (Զենո Բարան, Բյուլենթ Ալիռեզա) գնահատմամբ, Վրաստանի պետական ու հասարակական անկայուն վիճակը դարձավ այն հիմնավորումներից մեկը, որպեսզի Թուրքիան սկսի ձևավորել այլընտրանքային աշխարհաքաղաքական կուրս, որը կարելի է կոչել նեոօսմանիզմ։ Այն ենթադրում է անցյալում Օսմանյան կայսրության կազմում գտնված թեկուզ ոչ թուրքական ժողովուրդների կլանման ռազմավարություն, ընդ որում` և՛ քրիստոնյա, և՛ մահմեդական ազգերի։ Վրաստանը Թուրքիայի աշխարհաքաղաքական ռազմավարության մեջ կարևոր բաղադրիչ է։ Հայ-թուրքական սահմանի շրջափակման պայմաններում և այն կոշտ կոմունիկացիոն սահմանափակումներից ելնելով, որ ստեղծել է Իրանը, Վրաստանը դարձել է Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հետ կապ հաստատելու միակ միջոցը Թուրքիայի համար։ Վրաստանը նաև կարևորագույն ուղղություն է ու հրապարակ թուրքական հետախուզական ծառայությունների համար` Չեչնիայում, Դաղստանում, Ադըղեայում և Կաբարդինա-Բալկարիայում տարբեր գործողություններ հրահրելու համար։ Առանց Վրաստանի հետ համագործակցելու Թուրքիան չէր կարող այդքան կարճ ժամանակում լայն գործակալական ցանց ստեղծել Հյուսիսային Կովկասում։
Դա, անկասկած, ձեռնտու էր ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, որոնք թուրքական նախաձեռնությունները դիտարկում էին որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կարևոր լծակ։ Վրաց-թուրքական համագործակցությունը դարձավ Վրաստանի տնտեսական գոյատևման կարևորագույն գործոն, ինչը նույնպես ձեռնտու է ԱՄՆ-ին։ Սակայն, ամերիկյան պատկերացումներով, Թուրքիայի կարևորագույն քաղաքական խնդիրը Վրաստանում ու Հարավային Կովկասում, առհասարակ, պետք է լինի Ռուսաստանին և մասամբ Իրանին հակադրվելը։ Հենց այդ հարցում է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև միաժամանակ գոյություն ունեն և՛ փոխըմբռնում, և՛ տարաձայնություն։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի ծրագրմամբ Թուրքիան պետք է դիմագրավի Ռուսաստանի` իր դիրքերը տարածաշրջանում վերականգնելու փորձերին։ Սակայն չպետք է փորձի ազդել Հարավային Կովկասի պետությունների քաղաքական ռեժիմների վրա։ Ընդհանուր առմամբ, դա ենթադրում է, որ Թուրքիան պետք է նախանշի իր ներկայությունը Հարավային Կովկասում որպես Ռուսաստանին դուրս մղելու գործիք, բայց ոչ որպես քաղաքականության վրա ազդող տերություն։ Այս հանգամանքը միշտ գրգռել է Թուրքիային ու ծնել առարկություններ նրա կողմից, համարելով դա վիրավորանք։ Մինչդեռ ԱՄՆ-ը թուրքական քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում միշտ գնահատել է իբրև վտանգավոր ու անցանկալի։
Այդ քաղաքականությունը, սակայն, պահանջում էր Կովկասի պայմանների ու առանձնահատկությունների նուրբ իմացություն, ինչը ոչ միշտ է բնորոշ եղել ԱՄՆ-ի դիվանագետների ու ֆունկցիոներների համար։ «Կովկասյան գործոնը» եղել է ամենատհաճ հանգամանքներից մեկը ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամի խորացման ժամանակահատվածում` 2005-2008-ին, ԱՄՆ-ը փորձեց համոզել Թուրքիային աջակցելու Վրաստանին, այդ թվում` քաղաքական, քարոզչական ու տնտեսական առումներով։ Այդ փուլում ԱՄՆ-ն ու Վրաստանը խիստ կարիք ունեին Թուրքիայի օժանդակության և իրենց հետ համախմբվածության, սակայն Թուրքիան բացարձակապես հետաքրքրություն չցուցաբերեց այդ իրադարձությունների նկատմամբ, թողնելով, որ Վրաստանն ինքը դուրս գա ստեղծված իրավիճակից։ Անշուշտ, Թուրքիայի այդ դիրքորոշումը պայմանավորված էր նաև Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու հույսերով, սակայն մեծ հաշվով դա արձագանք էր ԱՄՆ-ի «անհետևողական» քաղաքականության։ Մասնավորապես նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը սկսեց ի ցույց դնել Վրաստանում իր ռազմական ներկայության հեռանկարը, այդ թվում` վրացական օդանավակայաններն ամերիկյան ռազմաօդային ուժերի բազավորման համար օգտագործելու առումով, որպես այլընտրանք Թուրքիայում գտնվող ամերիկյան բազաների։ 2008-ի օգոստոսյան ճգնաժամի ժամանակ Թուրքիան գործնականում աջակցեց Ռուսաստանին` առաջացնելով ԱՄՆ-ի ոչ պակաս դժգոհությունը, քան 2003-ի իրաքյան պատերազմի ժամանակ։ Դա չէր կարող իր ազդեցությունը չթողնել վրացական էլիտայի կողմից Թուրքիայի հնարավոր դիրքորոշումն ու դերը հեռանկարում իմաստավորելու առումով։
Հարկ է նշել, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը զգուշավորությամբ ընդունեց 2003-ի աշնան իրադարձությունները Վրաստանում, քանի որ պարզ էր, որ դրա արդյունքում սպասվում է լարվածության նոր ալիք ռուս-վրացական հարաբերություններում։ Թուրքիան զգուշանում էր Ռուսաստանի ուժային հնարքների օգտագործումից, ինչն արդեն այն ժամանակ կարող էր տեղի ունենալ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանում գտնվող ռուսական ռազմաբազաների հետ կապված։ Թուրքիային միանգամայն ձեռնտու էր նախկինում ձևավորված հակադրության պրակտիկան։ Թեկուզ և այդ իրադարձությունների արդյունքում Վրաստանի իշխանություններն արագացրին իրենց տարածքից ռուսական բազաների դուրսբերումը և ձևավորեցին գեոտնտեսական բնույթի նոր պայմանավորվածություններ, Թուրքիայի համար, միևնույն է, նախընտրելի էր տարածաշրջանային կայունության պահպանումը։ Թուրքիային ձեռնտու էին Վրաստանում իշխանության կենտրոնական մարմինների թուլությունը, երկրի աղքատությունը և, առհասարակ, վարչակազմի բացարձակ անկարողությունը։ Մ. Սաակաշվիլու իշխանության գալու շրջանում Թուրքիան արդեն կարիք չուներ Վրաստանի ծառայությունների, քանի որ իր ազդեցության հաստատման բազմաթիվ խնդիրներ արդեն լուծված էին։ Թուրքիան, սակայն, զգուշանում էր, որ Մ. Սաակաշվիլու թիմը չի կատարի թուրք-մեսխեթցիներին Հարավային Վրաստանում վերաբնակեցնելու պարտավորությունը, սակայն մտահոգության գլխավոր շարժառիթն այն էր, որ արևմտյան հանրության հետաքրքրության մեծացումը Վրաստանի նկատմամբ տեղ չէր թողնի թուրքական ազդեցության համար։ Որովհետև դա կզրկեր Թուրքիային Վրաստանը հեռանկարում իր ազդեցության տակ վերցնելու հնարավորությունից, ինչը միանգամայն համապատասխանում է նեոօսմանիզմի դոկտրինին։
Թուրքիան քայլեր չձեռնարկեց ռուս-վրացական հակադրության մեջ Վրաստանին աջակցելու առումով, թեպետ միակ երկիրն էր, որ կարող էր իրական տնտեսական օգնություն ցույց տալ` բացելով իր շուկաները վրացական գինու և հանքային ջրերի իրացման համար։ Թուրքիան նախկինում գործնականում չէր արձագանքում նաև Վրաստանի քաղաքականությանը Ներքին Քարթլիի թուրքալեզու բնակչության նկատմամբ, ինչը կարելի է բնութագրել իբրև էթնիկ խտրականության դրսևորում։ Հիմա Թուրքիան հետաքրքրված է թուրք-մեսխեթցիների վերաբնակեցմամբ և պնդում է Վրաստանի կողմից այդ պարտավորության կատարումը։ Թուրք քաղաքական գործիչները համարում են, որ իրենց երկիրը կարևոր դեր ունի Վրաստանի տնտեսական զարգացման մեջ, քանի որ Վրաստանի միջնորդավորված արտահանման 35-40 տոկոսը թուրքական ապրանքներն էին։ Միևնույն ժամանակ Թուրքիան հետևողականորեն կատարում է ՆԱՏՕ-ի շրջանակներում Վրաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու ծրագիրը, կարևոր դեր ունի վրացական սահմանապահ զորքերի պատրաստման մեջ, օժանդակում է ռազմական կադրերի վերապատրաստմանը, շահագրգռված է Վրաստանի տարածքում իր մարտական ավիացիայի տեղակայմամբ։ Այդպիսով, Թուրքիան փորձում է Վրաստանի նկատմամբ իրագործել իր շահերից առավելագույնս բխող քաղաքականություն և գործնականում չի մասնակցում քաղաքական խնդիրների լուծմանը` իր գործընկեր պետությունների հետ «թիմային» սկզբունքով։ Այդպիսով Թուրքիան հաճույքով Հարավային Կովկասում, այդ թվում` Վրաստանում, գրավում է այնպիսի դիրք, որը թույլ կտար խնայողաբար կատարել ծախսերը և ազդեցություն հաստատել երկարաժամկետ հեռանկարից ելնելով։ Քաղաքական գրականության մեջ մինչ օրս, որքան էլ տարօրինակ է, արտահայտված չէ այն պարզ իրականությունը, որ թուրքական քաղաքականությունը կառուցվում է պատմական հեռանկարից ելնելով։ Այն հաշվառումով, որ արևմտյան ու արևելյան տերություններն ի վիճակի չեն լինի հաստատելու իրենց «իրավունքներն» այն տարածաշրջաններում, որոնք հետաքրքրում են Թուրքիային։ Վրաստանը, գտնվելով Թուրքիայի հետ հարաբերական գործընկերային հարաբերություններում, սակայն չլինելով թուրքական աշխարհի պետություն, թուրքական այդ դոկտրինի կիրառման լավագույն օրինակն է։ Որոշակի իմաստով այդ դոկտրինը ենթադրում է Ռուսաստանի և Իրանի փլուզում, կանխատեսում տարածաշրջաններից ԱՄՆ-ի և արևմտյան տերությունների հեռանալը։
Աբխազիան նույնպես թուրքական քաղաքականության ուշադրության առարկան է։ Թուրքիան ստեղծել է այդ երկրում թեկուզ ոչ մեծ ազդեցություն ունեցող գործակալական ցանց։ Թուրքիան փորձարկում է Աբխազիայում ազդեցության հաստատման տարբեր միջոցներ, որպեսզի դրանք կիրառի Հյուսիսային Կովկասի այլ հանրապետություններում։ Թուրքիան առանձին մշակված ծրագիր ունի Հյուսիսային Կովկասի արևմտյան մասի հետ կապված, նկատի ունենալով ադըղական (չերքեզական) ժողովուրդներին։ Ադըղական ժողովուրդների սփյուռքը, այդ թվում` աբխազական, Թուրքիայում ամենակազմակերպվածն է, առավել հավակնոտն ու կառավարելին, արդեն ունի պատմական հայրենիքի հետ շփման փորձ, կարևոր դեր է խաղում այդ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական ներկայության ապահովման տեսանկյունից։ Ադըղական ժողովուրդներն ու նրանց բնակեցման գոտիները Կովկասում ավելի մեծ նշանակություն ունեն Թուրքիայի համար, քանզի հարում են Սև ծովին, քան վայնախական կամ դաղստանյան ժողովուրդները։ Հյուսիսային Կովկասի արևմտյան մասում, սակայն, Թուրքիան սուր մրցակցության մեջ է Մեծ Բրիտանիայի հետ, որը ձևավորում է իր «կովկասյան նախագիծը» և նպատակ ունի ճնշելու Ռուսաստանին հարավային ռազմավարական ուղղությամբ։ Բրիտանական փորձագետների խոստովանությամբ, Թուրքիան Հյուսիսային Կովկասում խաղում է իր խաղը` չհամաձայնեցված բրիտանական քաղաքական գործիչների ու հատուկ ծառայությունների հետ։ Մեծ Բրիտանիային շատ են հետաքրքրում աշխարհաքաղաքական ներգործության այնպիսի կետերը, ինչպիսիք են Բաթումը, Սուփսան, Փոթին, Սուխումը, Տուապսեն, Նովոռոսիյսկը, Ախալքալաքը։ Թուրքիան, իր հերթին, նախընտրում է այդ տարածաշրջանում իրականացնել ոչ հրապարակային քաղաքականություն, որն իր մեջ ներառում է էլիտայի, հասարակության, վարչակազմերի, պետությունների ու կովկասյան ինքնավարությունների մեջ ներդրման լայն միջոցառումներ։ Սակայն այդ քաղաքականությունը Թուրքիան կառուցում է խիստ զգուշորեն, քանի որ նրա նպատակներն ու խնդիրները հակասում են ոչ միայն Ռուսաստանին, այլև ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։ ԱՄՆ-ը, առավել ևս Մեծ Բրիտանիան, չեն ցանկանում համաձայնեցնել իրենց ծրագրերը Թուրքիայի հետ, ինչն ավելի քան սկզբունքային նշանակություն ունի։ Թուրքական և ամերիկյան ռազմավարությունների միջև գոյություն ունի անհաղթահարելի հակասություն, որը պայմանավորված է Թուրքիայի գերակայությունը Կովկասում թույլ չտալու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ցանկությամբ։ 2008-ի օգոստոսյան իրադարձություններից հետո Թուրքիան որոշել է ակտիվացնել իր քաղաքականությունն Աբխազիայի նկատմամբ ու ձեռնարկում է քայլեր, միաժամանակ գործնականում արհամարհելով Վրաստանի դիրքորոշումն ու կարծիքը։
Ամերիկացիները միշտ մեծ զգուշությամբ են դիտարկել Թուրքիայի ազդեցությունը նաև Ադրբեջանում։ Նավթի ու գազի այդպիսի կարևոր աղբյուրը և տրանզիտային երկիրը չպետք է գտնվեր Թուրքիայի ուժեղ ազդեցության տակ։ Եվ թեկուզ արևմտյան հանրությունը հռչակագրային իմաստով ողջունել է թուրքական աշխարհիկ պետության քաղաքական մոդելի տարածումը Եվրասիայի մահմեդական երկրներում, Թուրքիան բոլոր դեպքերում գնահատվել է իբրև ասիական երկիր, որի ազդեցությունն Ադրբեջանում անցանկալի է։ Ամերիկացիներն ու եվրոպացիները ցանկանում էին Ադրբեջանը տեսնել աշխարհիկ պետություն, որտեղ իսլամը ձևական նշանակություն ունի։ Ադրբեջանը գնահատվում է իբրև իրանացված, թեկուզ և թուրքալեզու պետություն, որն ունի աթեիզմի և խորհրդային աշխարհիկ հասարակության խոր ավանդույթներ, հարաբերականորեն փոքր բնակչությամբ, ինչը հնարավորություն կտա առանց մեծ պրոբլեմների ներգրավել նրան եվրոպական քաղաքական և սոցիալ-տնտեսական տարածության մեջ։ Միայն այդ պատճառով է, որ Արևմուտքը չի աջակցում Ադրբեջանը կլանելու Թուրքիայի ջանքերին։ Սակայն Արևմուտքում միշտ եղել է մտահոգություն, որ Թուրքիան, Ադրբեջանն իր հետ ասոցացնելով, այն կվերածի ձևական պետության, ուր ամերիկյան և եվրոպական պետությունների ազդեցության չափը կորոշի Անկարան։ Ամերիկյան թեզը, որ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի պետությունները պետք է անկախ լինեն, նշանակում էր նրանց անկախության ապահովում ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ տերություններից ու, առաջին հերթին, Թուրքիայից։ Այդ պատճառով էլ Արևմուտքն աջակցեց Ադրբեջանում Ալիևների ընտանիքի ռեժիմի հաստատմանը, որը չի ցանկանում երկիրը ենթարկել Թուրքիային` դիտարկելով նրան միայն իբրև բարեկամ, դաշնակից երկիր։ Միևնույն ժամանակ Թուրքիայի լայնածավալ ռազմական և արտաքին քաղաքական աջակցությունն Ադրբեջանին` ներառյալ ՆԱՏՕ-ի շրջանակները, արժանացել է ԱՄՆ-ի հավանությանը և աջակցությանը։ Թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում ԱՄՆ-ը դրական է գնահատել, ելնելով անվտանգության խնդիրներից և Իրանից բխող իրական սպառնալիքներից։ ԱՄՆ-ը, անհրաժեշտ չափով ռազմական ներկայություն չունենալով Հարավային Կովկասում, մասամբ Թուրքիայի օգնությամբ է լուծել էներգետիկ կոմունիկացիաների անվտանգության խնդիրները։ Ամերիկացիներն ի ցույց չեն դրել թուրք-ադրբեջանական համագործակցության հետ կապված իրենց մտահոգությունները, սակայն միշտ քննադատաբար են վերաբերվել Թուրքիայի միջամտությանն Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին և հստակ դիրքորոշում ցուցաբերեցին այն իրադարձությունների ժամանակ, երբ Թուրքիան փորձեց «Մուսավաթ» կուսակցության միջոցով Ալիևների կլանը հեռացնել իշխանությունից։ ԱՄՆ-ը Ռուսաստանին զուգահեռ որոշիչ դեր խաղաց 1992-93-ին ղարաբաղյան հակամարտության ժամանակ Թուրքիային զսպելու ուղղությամբ։ Ամերիկյան փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ի խնդիրն է սահմանափակել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում, թեպետ դա միշտ չէ, որ հաջողվում է։
ԱՄՆ-ի համար կարևորագույն խնդիրներից մեկը Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելն է։ Այդ պատճառով էլ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը դարձել է ԱՄՆ-ի առաջնահերթ քաղաքական նախաձեռնություններից մեկը տարածաշրջանում։ Այդ խնդրին զուգահեռ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր քաղաքականության ծավալման տարբեր փուլերում միշտ փորձել է լուծել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնումը, ներառյալ Մեղրու «միջանցքի» ապաշրջափակումը։ Սակայն ամերիկա-թուրքական հարաբերություններում 2003-ին սկսված ճգնաժամից հետո ԱՄՆ-ը զգալիորեն փոխել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ։ Վաշինգտոնը գործնականում այլևս չի պնդում, այլ ընդհակառակը, ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում Մեղրու «միջանցքի» ապաշրջափակման ուղղությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ